Ես քեզ նկարել եմ…

Ես քեզ նկարել եմ.
Դու կյանքում չկաս,
Դու գուցե երազ ես
Դու գուցե չգաս…

Չգիտեմ էլ երբ,
Չգիտեմ ինչպես,
Մի ներկված օր ես
Նկարեցի քեզ…

Ա՜խ այնքան հստակ ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Լուրթ մի բյուրեղից…

Ու այնքան արձակ ես,
Որ հոգիս կարծում է՝
Թե պոկել եմ քեզ
Մի վայրի ցեղից…

Դու այնքան անմեղ ես,
Որ կարծում եմ ես
Նկարել եմ քեզ
Չար մանուկի պես,

Ա՜խ այնքան հեռու ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Արևի շողից,

Դու այնքան ամուր ես,
Որ թվում է ինձ՝
Նկարել եմ քեզ
Անառիկ բերդից,

Ու այնքան դու նուրբ ես,
Որ թվում է ինձ
Նկարել եմ քեզ
Ալ վարդի թերթից,

Դու այնպես փայլուն ես,
Որ մեկ-մեկ թվում է՝
Գողացել եմ քեզ
Ես մի կերոնից,

Ա՜խ այնքան դու սուրբ ես,
Որ թվում է ինձ
Քեզ ես նկարել եմ
Քաղցր մեռոնից…

Ռիմա Խաչատրյան

Добавить комментарий