Սիրավեպ

Սիրավեպ

Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը,
Եվ խիստ ազնիվ դարձվածով
Պատմում էր. ի՞նչ է սերը:

Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ,
Որպես կայծ մի էլեկտրյան:

Սերն է աղբյուր քաղցրության,
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն  — վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս:

Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
Բայց առավել զմայլիչ
Երբ լեզվով է հարազատ:

Սիրի՛ր, որքան կարող ես,
Որքան փայլում է արև
Կյանքից օրերն նետի պես
Թռչում են արագաթև:

Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարվի, — և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող:

Իմ սիրելի, զգու՛յշ կաց,
Որ լեզուդ, չար  չխոսե.
Պատճառ, ոչինչ դեռ չասած
Ընկերդ արտասվում է:

Սմբատ Շահազիզ

Добавить комментарий